Բազմաբևեռ աշխարհը ենթադրում է նաև բազմաբլոկ կառուցվածք, որտեղ հնարավոր է, որ ուժային բևեռների թիվը չհամընկնի տարբեր երկրներից կազմված բլոկների թվի հետ։
Դրա հիմնական պատճառը ուժային բևեռների ու տարբեր թվով երկրներից կազմված բլոկների անկայունությունն է և դրանց կազմում լիդերների ու այլոց հարաբերությունները։
Մարդկային համակարգերի մասին տեսությունն ասում է, որ մարդկանցից կամ մարդկային համակարգերից կազմված կամայական միությունը կլինի կայուն ու արդյունավետ, եթե այն ունի վառ կերպով արտահայտված լիդեր, որի և մյուսների միջև կա հզորության ու ազդեցիկության բավարար տարբերություն։
Մասնավորապես, դա նշանակում է, որ եթե որևէ միություն ունի հավասարազոր երկու լիդերներ, ապա, մեկը մյուսին չենթարկվելու պատճառով, նման միությունը կայուն լինել չի կարող։
Պատմական օրինակներից կարելի է բերել ռուսական սոցիալ-դեմոկրատների բաժանումը բոլշևիկների ու մենշևիկների՝ լիդերների անհամատեղելիության պատճառով։
Նույն պատճառով Թուրքիան տեղ ուներ ՆԱՏՕ-ում, բայց տեղ չուներ ԵՄ-ում, քանի որ ՆԱՏՕ-ն ուներ բացահայտ ու մյուսներից շատ ավելի հզոր լիդեր՝ ԱՄՆ-ի տեսքով, իսկ ԵՄ-ի համար Թուրքիան չափից դուրս հզոր էր։
Ճիշտ նույն ձևով էլ, ի թիվս այլ կարևոր նկատառումների, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի մաս չդարձավ։
Նույն նկատառումներով էլ, Ռուսաստանն ու Չինաստանը ուժային բևեռի իմաստով կարող են ալյանսի մեջ լինել, բայց նույն բլոկում, տնտեսական և այլ նկատառումներով, գտնվելը քիչ հավանական է նրանց համար։
Հիմա, այս իմաստով, շատ հետաքրքրական են Ռուսաստանի ջանքերը նոր աշխարհակարգում հնարավոր սեփական բլոկ կառուցելու ուղղությամբ, որը կենսականորեն պետք է հետաքրքրի նաև մեզ։
Նման բլոկի համար հում նյութ են՝ ինքը Ռուսաստանը, թուրքական աշխարհը, շիա Իրանը ու, ավելի փոքր հավանականությամբ, շիա Իրաքն ու Սիրիան։
Նման բլոկի կայունության հետ կապված հիմնական պրոբլեմը թուրքական աշխարհն է, որը մարդկանց թվով ռուսների հետ նույն կարգի է։
Բայց եթե նույն բլոկը դիտարկվում է թուրքական աշխարհի հետ միասին, բայց առանց Թուրքիայի, ապա նման բլոկի պոտենցիալ անկայունության հետ կապված պրոբլեմը մեջտեղից դուրս է գալիս։
Այսինքն, ճիշտ նույնպիսի նկատառումներով, ինչ ԵՄ-ի դեպքում, Թուրքիան անցանկալի մասնակից է Ռուսաստանին ձեռք տվող աշխարհաքաղաքական բլոկում։
Սիստեմային տեսության տեսանկյունից նման նկատառումը կարող է ձևակերպվել հետևյալ տեսքով. եթե տարբեր չափերի մասերից բաղկացած համակարգի մասերից մեկի կամ մի քանիսի հզորությունները գերազանցում են լիդերի հզորության հետ համեմատած մինիմալ կրիտիկական մեծությանը, ապա նման միությունը կդառնա անկայուն։
Բացի դրանից, նման աշխարհաքաղաքական բլոկի մեջ թուրքական գործոնի ցանկալի նվազեցման համար կարևոր է նաև, որ Իրանը ներկա Ադրբեջան կոչեցյալ տարածքը պատմականորեն համարում է իրենը։
Բայց տակտիկական նկատառումներով, որոնց նպատակը Ալիևին Էրդողանից հեռացնելն է, Ալիևին կարելի է ներշնչել, որ ինքը, Հարավային Ադրբեջանի հետ միասին դառնում է առանց Թուրքիայի մնացած թուրքական աշխարհի լիդերը։
Պավել Բարսեղյան